Տոխմա Ծառ
Տոհմածառ՝ մեր արմատները, մեր հիշողությունը, մեր ուժը։

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր արմատները։
Տոհմի պատմությունը սկսվում է հիշողությունից։
Ուշադիր նայեք այս ծառի արմատներին։ Քանի՜ սերունդ է անցել, որքան բան է փոխվել նրա շուրջը, իսկ այն շարունակում է ապրել՝ ամուր կառչած հայրենի հողին։
Նայեք ևս մեկ անգամ, ավելի ուշադիր։ Հեռվում՝ բլուրների մեջ, կտեսնեք XII դարի փոքրիկ եկեղեցու ավերակները։ Սա նկարած բնապատկեր չէ, այլ իրական լուսանկար Արցախի Ծմակահող գյուղից։ Այստեղ հողն ինքն է պահպանում դարերի հիշողությունը։
Մեզանից յուրաքանչյուրն էլ ունի իր արմատները։
Դրանք մեր ծնողներն են, տատերն ու պապերը, հեռավոր նախնիները։ Դրանք այն անուններն են, որոնք հիշում ենք, և այն անունները, որոնք դեռ պետք է բացահայտենք։ Դրանք ընտանեկան պատմություններն են, հարազատների ձայներն ու հիշողությունները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։
Որքան ավելի շատ ենք ճանաչում մեր արմատները, այնքան ավելի խորն են դրանք ձգվում հողի մեջ։ Այնքան ամուր է դառնում մեր կապն անցյալի հետ, այնքան վստահ ենք կանգնում ներկայում և այնքան ավելին կարող ենք փոխանցել մեր երեխաներին։
Ծառն ուժեղ է իր արմատներով, մարդը՝ իր տոհմի հիշողությամբ։
«Տոխմա Ծառ»՝ այսպես են Ղարաբաղի բարբառով անվանում տոհմածառը։
Մենք ստեղծել ենք այս տարածքը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա պահպանել իր ընտանիքի պատմությունը։
Այստեղ դուք կարող եք սկսել կազմել ձեր տոհմածառը՝ ավելացնել նախնիների անունները, նրանց կյանքի տարիները, համառոտ կենսագրություններն ու ընտանեկան հիշողությունները։ Կարող եք հրավիրել ձեր հարազատներին, որտեղ էլ նրանք գտնվեն, և միասին՝ ճյուղ առ ճյուղ, վերականգնել ձեր տոհմի պատմությունը։
Թող մեր նախնիների անունները չկորչեն հիշողությունից, իսկ մեր երեխաներն ու թոռները իմանան իրենց արմատները։
Քանի դեռ հիշում ենք մեր արմատները, ապրում է մեր տոհմածառը։
Ընտանեկան տոհմածառ ստեղծելու համար անհրաժեշտ է գրանցվել։
